«Գունավոր հեղափոխությունների» («Բուլդոզերային հեղափոխությունը» Հարավսլավիայում` 2000 թ.,
«Վարդերի հեղափոխությունը» Վրաստանում` 2003 թ., «Նարնջագույն հեղափոխությունը» ՈՒկրաինայում՝ 2004 թ., «Կակաչների հեղափոխությունը» Ղրղզստանում՝ 2005 թ.) արևմտյան տեսաբանները շատ երկար են աշխատել «հայկական սցենարի»՝ «Թավշյա հեղափոխության» վրա, ընդ որում, հաշվի են առնվել թե՛ հայի գենետիկ հոգեկերտվածքը, թե՛ արժեհամակարգային այն մուտացիոն փոփոխությունները, որ տեղի ունեցան վերջին երեսուն տարում: «Հեղափոխության» գլխավոր դերակատարի ընտրության հարցում էլ բավականին բծախնդիր մոտեցում է ցուցաբերվել, և ընտրությունը կանգ է առել «ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է» տերպետրոսյանական «ուսմունքի» զտարյուն հետևորդ Նիկոլ Փաշինյանի վրա: Ինչ վերաբերում է «մասսայական տեսարանների» բազմամարդությունն ապահոված երիտասարդությանը, այստեղ ընտրել-չընտրելու հարց չի էլ եղել, նա բոլոր «գունավոր հեղափոխությունների» ընթացքն ապահովող պարտադիր բաղադրիչ է և կամավոր է ստանձնում այդ դերը՝ «հեղափոխական ռոմանտիզմին» տուրք տալով: Մեր պարագայում այդ ռոմանտիզմին խառնվելու եկան էյֆորիան ու պսիխոզը, որ այսօր էլ շարունակում են դեգրադացնել հանրության մի ստվար հատվածը: «Դուք բոլորդ վարչապետ եք» հիմարացնող կարգախոսով իշխանության եկած նախկին ընդդիմադիրն այսօր էլ կիրառում է օխլոսին սիրաշահելու փորձված գործելաոճը՝ «սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առաջ, հպարտանում եմ բոլորովդ» լապշայատիպ տուֆտալոգիայով: Ինչ-ինչ, տեսական դասընթացները Նիկոլը լավ է յուրացրել, համոզված լինելով, որ օխլոսը ԻԳԱՅԻՆ հոգեբանություն ունի, նա ԱԿԱՆՋՆԵՐՈՎ Է ՍԻՐՈՒՄ: Փողոցով իշխանության եկածն այսօր փողոցում էլ «կառավարում» է՝ ձրի ներկայացումների սերիալային հերթափոխով:
Իսկ թե ինչ «առաքելությամբ» է Նիկոլը ԲԵՐՎԵԼ իշխանության, շատ հակիրճ կասեմ, ընդամենը թվարկելով այն երեք հիմնասյուները, որոնց վրա համահարթեցվող այս աշխարհում դեռևս պահվում է ցանկացած ազգ՝ պետությամբ հանդերձ, և որոնց աստիճանական խարխլումն ու վերջնական փլուզումը ազգի ու պետության ոչնչացում է ենթադրում:
1. ԸՆՏԱՆԻՔ
2. ՀՈԳԵՎՈՐ և ԱՇԽԱՐՀԻԿ ՄՇԱԿՈԻՅԹ (կրթությունը՝ ներառյալ)
3. ԲԱՆԱԿ
Իշխանության գալու առաջին օրից փաշինյանականները հետևողականորեն գրոհում են այս երեք ուղղություններով ու եթե ինչ-որ բանում կարողացել են հաջողել, ընտանիք-հոգևոր արժեքներ-բանակ եռամիասնության ողնաշարը ճկելն է:
Իհարկե, «հեծանիվ չհայտնագործեցի», ուղեղով մտածողներն այս բացահայտ իրողությունը շատ վաղուց են «հայտնագործել», իսկ թե երբ հասու կլինի այն «ականջով մտածողներին», իրոք դժվար է ասել: «Հեղափոխության տեսաբանների» հաշվարկն այս առումով էլ է անթերի. «հեղափոխության պահապան»-օխլոսը չափից դուրս է ԽԵԼՈՔ, ԽԵԼԱՑԻ դեմոսի ձայնն էլ կարելի է խլացնել իրական և վիրտուալ ոռնոցով, ինչը և արվում է: Առայժմ՝ հաջողությամբ:
Այս «խելոքներն» են բոլոր ժամանակների հեղափոխությունների շարժիչ ուժն ու հենարանը: Ո՞նց չհիշեմ հիմա աքսիոմատիկ թևավոր խոսքը. «Հեղափոխությունը ծրագրում են փիլիսոփա-տեսաբանները, իրագործում՝ ռոմանտիկները, վայելում՝ ստահակները»: Թե ինչ է հաջորդում այդ վայելք-խրախճանքին, ինձնից լավ գիտեք. նորից գալիս է երկիր փրկելու ժամը: Իսկ ինչ է լինում այդ ժամանա՞կ: Չէ, այս անգամ հեղափոխություն չի լինում: ՊԱՏԵՐԱԶՄ է լինում: Իրենց միահեծան կառավարմանը թողնված երկիրը իշխողները հռչակում են ՀԱՅՐԵՆԻՔ ու... տալիս ժողովրդին: Քոնն է, գնա ու փրկիր՝ թնդանոթի միս դառնալու գնով:
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ